Իսպանական հանրահայտ «Marca»-ի տեղեկացմամբ, «Բարսելոն» ֆուտբոլային ակումբի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը կստանա Իսպանիայի քաղաքացիություն: Բանն այն է, որ «կապտանռնագույնների» ղեկավարությունը պլանավորում է կրճատել ոչ Եվրամիությունը ներկայացնող երկրների ֆուտբոլիստների թիվը, քանի որ, ըստ կանոնակարգի, այդպիսիք թիմում կարող են լինել երեքը:
Ներկայումս այդպիսիք են բրազիլացիներ Նեյմարն ու Մարլոնը, ուրուգվայցի Լուիս Սուարեսը: Իսպանական նախկին գաղութներ եղած երկրների ֆուտբոլիստների համար երկքաղաքացիություն ստանալու համար սահմանված է երկու տարվա ժամկետ, մնացածների համար՝ հինգ: Նեյմարի համար գործն այնքանով է հեշտանում, որ նա «Բարսելոնում» հայտնվել է 2013 թվականին: Ասել է թե` քաղաքացիություն ստանալու համար գրեթե բան չի մնացել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ